Մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին. Վարդան Պետրոսյանի քրոջ հարցազրույցը

Posted: 14 Փետրվարի, 2014 in Մաթեմատիկա

Մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին. Վարդան Պետրոսյանի քրոջ հարցազրույցը

Փետրվար 14, 2014 | 00:09
Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով տուժած Հակոբյանների ընտանիքի հետ դերասան Վարդան Պետրոսյանի հաշտության, կատարված նախաքննության, հնչեցված տարաբնույթ հայտարարութունների շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի հետ։

Ներկայումս ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հակոբյանների ընտանիքի հետ։

Դեպքից հետո մեր ընտանիքի կողմից ձեռնարկվել են իմ կարծիքով բոլոր քայլերը, որպեսզի երկու ընտանիքների միջեւ թշնամանք չմնա, հաշտության եզրեր ենք փնտրել, փորձել ենք հանդիպումներ կազմակերպել եւ համապատասխան հող նախապատրաստել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնել Հակոբյանների ընտանիքներին: Սակայն պարզ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, միայն սփոփանքով չես փարատի: Էդգարի եւ Էդուարդի կորուստը մեր ընտանիքի համար էլ ծանր ողբերգություն է:

Գործի նախաքննությունն ավարտվել է, այն շուտով կուղարկվի դատարան։ Ի՞նչ տվեց ձեզ գործի քննությունը, ձեզ համար պա՞րզ է, թե ինչպես է եղել վթարը։ Բազմաթիվ միմյանց հակասող հայտարարություններ եղան ձեր եւ Հակոբյանների փաստաբանների կողմից, օրինակ՝ դերասանի խմածության, արագությունը գերազանցելու վերաբերյալ։

Ես չէի ցանկանա անդրադառնալ գործի քննությանը, իսկ թե ինչպես է եղել վթարը, ով է մեղավոր, դա պարզ կլինի արդեն դատարանում։ Միայն մի բան կցանկանայի առանձնացնել: Ցավում եմ, որ պարոն Բալոյանը իր հայտարարություններով, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով նպաստեց, որ հաշտություն չլինի երկու ընտանիքների միջեւ եւ առավել լարեց իրավիճակը ։ Նրա խոսքերն են, որ հաշտության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Վարդանը չի ընդունել իր մեղավորությունը, որ Հակոբյանները շատ զայրացած են եւ պահանջում են ամենախիստ պատիժ Վարդան Պետրոսյանի համար: Կարծում եմ դրանով նա միայն խոչընդոտեց հնարավոր հաշտությանը երկու ընտանիքների միջեւ։ Ինչ վերաբերում է Վարդանի խմածության մասին նրա հայտարարություններին, ապա կարծում եմ, որ այժմ, գործի նյութերին ծանոթանալով, նա համոզվել է, որ եղբայրս եղել է սթափ վիճակում, ինչը հիմնավորվել է տարբեր վկաների ցուցմունքներով:

Դեպքի հենց առաջին օրվանից մի կողմը պաշտպանում էր Վարդանին, մյուսը տուժած ընտանիքի վիշտն էր հիշեցնում, հատկապես՝ սոցիալական ցանցերում, օրինակ՝ դերասանի ֆեյսբուքյան էջին, բազմաթիվ վիրավորանքներ, սպառնալիքներ հնչեցին։ Դրանք շարունակություն ունեցե՞լ են, դիմե՞լ եք իրավապահներին։

Վիրավորանքներ, սպառնալիքներ եղել են ոչ միայն Վարդանի էջին, այլեւ իմ. խուլիգանական արտահայտություններ, սպառնալիքներ են հնչեցվել մեր ընտանիքի հասցեին: Ես իհարկե չեմ ուզում հավատալ, որ դա կարող է կազմակերպված լինել տուժող կողմից: Իսկ սպառնալիքների մասով մենք դիմել ենք ոստիկանությանը, որպեսզի բացահայտեն մեր կյանքի եւ մեր առողջության հանդեպ ոտնձգություն կատարող անձի ինքնությունը ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն եւ պատասխանատվության ենթարկեն նրան:

Այժմ հաշտությունը հնարավո՞ր եք համարում։

Մենք խորապես ցավում ենք երկու երեխաների կորստի համար: Դա անդառնալի ողբերգություն է Հակոբյանների ընտանիքների համար: Բայց դա նաեւ մեծ ցավ է մեզ համար, մեր ամբողջ կյանքի համար…մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին: Վարդան Պետրոսյանը բազմիցս դիմել է մեր փաստաբան Ն. Բաղդասարյանին եւ քննիչ Դ. Մարտիրոսյանին, որպեսզի հանդիպում կազմակերպեն իր եւ Հակոբյան ընտանիքների հետ. մինչեւ այսօր դա հնարավոր չի եղել, քանի որ Հակոբյանները չեն ցանկացել հանդիպել Վարդանին: Բայց, կարծում եմ ամենից ճիշտը կլինի, որ նրանք հանդիպեն Վարդանի հետ, որովհետեւ ուրիշ ոչ ոք նրանց չի կարող ասել այն, ինչ կարող է ասել միմիայն Վարդանը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Հ.Գ. հարցազրույցն արվել է փետրվարի 12-ին, որից հետո լրատվամիջոցներում հրապարակվել է Աշխեն Պետրոսյանի նամակը Ռուբեն Բալոյանին եւ վերջինիս պատասխանը: Առաջիկայում հնարավոր է Պետրոսյանների եւ Հակոբյանների հանդիպումը:

Լուրեր Հայաստանից

Թողնել մեկնաբանություն